Սիմվոլիկ թվերին մեր սրտով սուր անցավ. 88` երկրաշարժ, 99` հոկտեմբերի 27…
2020… որ շուտով կհեռանա: Ծանր է առաջինը քրիստոնեություն ընդունածի ԽԱՉԸ: Այնտեղ մեղքերն առանց ապաշխարության չեն ներվում, ապաշխարությունն էլ մեկանգամյա չէ, հայոց էներգիան ու առաքելությունը այլ են, և շատերն են ուզում այն կլլել, մանավանդ, երբ այն ճիշտ չի գեներացվում թողնելով հային կեսճամփին:
Կտանի՞ նոր եկող տարին իր հետ կորուստների այն ահռելիությունը, որի տակ կրկին կքեցին հայը, հայ պետականությունը, թանկագին ու սիրելի Արցախը: Երկինք բարձրացած պատանիների հզոր բանակը կվերածվի՞ բարեխոսների, վկաների բազմության, որի համար Տերը մեզ կհարցնի` այդ ոսկորները կկենդանանա՞ն: Մենք նրան կասենք` Դու՛ գիտես, Տե՛ր մեր: Եվ ոսկորները, ինչպես Աստվածաշնչում, կշարժվե՞ն` տիրոջ կամքով, նրանց վրա ջղեր կառաջանա՞ն, քով քովի կգա՞ն ու կկենդանանա՞ն։ Թե՞ սա կլինի մեր վերջին մարտը տեսակի համար` այս տիեզերքում:
Հաստատապես` ոչ: Բայց ընթացքը ծանր ու երկարատև կլինի, զի ապաշխարության ամեն նաքարակիտը պետք է «աշխատի»:
Եթե՝ այո, ապա նոր տարին կդիմավորենք, տարին կեզրափակենք նորովի. առանց երկիրը, մարդկանց, պետությունը թուրքին, դավադիր աշխարհին մատաղ արածների: Ի վերջո, նրանք իրենց սև գործն արեցին, ու մեծ հաշվով կարծես էական էլ չէ այլևս` կա՞ն նրանք, թե՞ ոչ:
Նրանց դժոխային լինելությունը Էական է այնքանով, որ անեծքը` հայոց տան վրա կախված, նրանց տեսքով, կհեռանա, օճորքը տան` նոր իշխանության տեսքով, կսկսի վերականգնվել, նորոգվել:
Մի վերջին անգամ` ցավով ու ափսոսանքով (զսպելով զզվանքը) անդրադառնանք, թե այդ ինչպես կարող էր նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա կնքած դիվային էությունը` երկիրը, հողը, հոգին թուրքին վաճառածը, այսքան երկար մնալ քրիստոնական երկրում, ով ծախել է, բառի ամենաիսկական իմաստով Արցախը, տղերքի` սերնդի կյանքը, պատերազմը վարել հանուն թշնամու, թշնամու համար, Սյունիքը դարձրել ոտքի կոխան թշնամու, երբ ամեն օր, որպես կատարյալ տեռորիստ, երկրում բացում է Օվերտոնի պատուհան, մնացած քիչը նետում այդ պատուհանից` նորից ու նորից թշնամուն` ցինիզմի ամենակարող դիվայնությամբ, երբ տիեզերքում, ուր չի կորչում ոչ մի նաքարակիտ, կա օրենք, դավաճանն ու ուրացողը, իսկ Հուդան հրաժարվում է ուրացման գին արծաթից ու ծերակույտին նետում իր երեսուն արծաթը, ապա ինքնասպանություն գործում:
Խնդիրն ունի հորիզոնական և ուղղահայաց արտածումներ: Հորիզոնականի մասով.
ա) որքան էլ ցավալի, նույնիսկ սոսկալի` Նիկոլ կոչված երևույթը էթնոսի մոտ տարածականություն ունի. նրան դեռ կուրորեն հավատացողներ կան, գուցե արդեն քիչ, բայց եթե անգամ մեկ-երկուսը, ապա դրանք էլ բավ են, որ սատանան փորձի շրջել ջրերի վրա` համահավաք պահելով նրանց:
Ի դեպ, Սիսիանի դեպքերն անչափ սիմվոլիկ էին այս առումով. որդեկորույս մայրը իր որդու շիրմի կողքին ծնկի է գալիս Նեռի առաջ, որպես փրկչի (ներիր նրանց, Տեր, նրանք չգիտեն, թե ինչ են անում- հեղ.), սակայն մի քանի վայրկյան հետո` մեկ քահանա լույսի մեջ է բերում ու ջախջախում Նեռի էներգետիկան` ձեռքի մեկ շարժումով կոտրելով դժոխքի դարպասները։ Սա է քրիստոնեությունը, ՇՆՈՐՀԸ, որը նույնպես ապրում է հայի մեջ:
բ) Փաշինյան անվանվածը ձեռնտու է անչափ «մեծ» աշխարհին, ու աշխարհը լուռ, համագործակցված սատարում է նրան, որովհետև վերջինս խաղում է աշխարհի կանոններով` այստեղ, այլուր և ամենուր, որպես Թուլատ, ու աշխարհը թույլ է տալիս նրան «լինել»:
Եվ որքան էլ ցավալի, սատարողների թվում է նաև մայր Ռուսաստանը: Ընդ որում, սատարում էր իր երկրի առաջին դեմքի մակարդակով ու խիստ բացահայտ: Ինչն էլ իր տարածումն ունի հայոց ընդդիմության պայքարի պրոյեկտումներում։
Բայց և ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մաշվածքի, այլև իր անկանխատեսելի պահվածքի պատճառով, արդեն «հետաքրքիր» չէ Ռուսաստանի համար, ինչը ակնառու էր նույն սյունիքյան դեպքերի ժամանակ, ինչն ակնառու է ընդդիմության վերջին օրերի անչափ գրագետ պայքարում:
Ի դեպ, Սյունիքը դառնում է այն սուրը, որը կարող է անցել ոչ միայն Նիկոլ հորջորջվածի սրտով, այլև դառնալ ալմա-մատեր Իրան-Ռուսաստանի համար` ընդդեմ Թուրքիա-Իսրայել-ԱՄՆ խաղացողների՝ սպասվող առաջիկա զարգացումներում:
ՈՒ թույլ տանք մեզ կարծել, որ Սյունիք «այցելած» Նիկոլը չգնաց Գորիս ու Կապան ոչ միայն այն պատճառով, որ իրեն այնտեղ չէին սպասում, ու հետ էին «շպրտելու» որպես դավաճանի, այլև որ այն, ինչ կատարվում էր Սյունյաց սարերում ու ճամփեքին, նաև Ռուսաստանի սրտով էր, որովհետև այդ ճամփեքին «ժամանակ կորցնել» Ռուսաստանը չէր ցանկանում, մանավանդ երբ ողջ աշխարհը շունչը պահած սպասում է իրանա-իսրայելական խոր «ձեռնամարտին»` Բայդենի պաշտոնավարումից հետո:
գ) ՈՒստի չբացառենք, որ Նոր տարին` Ռուսաստանի այս մոտեցման, ընդդիմության գրագետ պայքարի, «թավիշ» կոչվող դիվայնության` լույսի մեջ գալու-թուլանալու, իսկ որ ամենակարևորն է` Աստծուն ճանաչող, կրկին նրա փեշի տակ հավաքվող հայ ժողովրդի արցունքների ու ապաշխարության պատճառով` «ախ էրնեկ էս նոր տարին» դիմավորենք առանց մեր մեծ մեղքի հանդերձանքի, նրա գերագույն մարմնացում, հայոց տունը քանդող դավաճանի:
Ասենք` այո՛ և ամե՛ն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ